ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն չունի, որ մինչև ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանը կարող է մնալ առանց ատոմային էներգետիկայի։ Լրագրողների հետ զրույցում նա այս մասին ասաց` պատասխանելով նոր էներգաբլոկի կառուցման տեխնոլոգիայի վերաբերյալ հարցին։
Բանն այն է, որ ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի` ՀՀ–ում նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկը կլինի մինչև 2027 թվականի ավարտը` այդ ընթացքում իրականացնելով նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն։
Լրագրողը հիշեցրեց, որ ըստ մասնագետների` նոր էներգաբլոկի կառուցումը պահանջում է առնվազն 10 տարի, մինչդեռ Հայկական ԱԷԿ–ում այս պահին «Ռոսատոմի» հետ միասին իրականացվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ մինչև 2036 թվականը։ Նա հետաքրքրվեց` արդյոք չկա՞ վտանգ, որ առնվազն 2–3 տարի Հայաստանը մնալու է առանց ատոմային էներգետիկայի, և եթե նման բան լինի, ի՞նչ ենք անելու։
Ի պատասխան ՀՀ վարչապետը պատասխանեց շատ կարճ` առանց որևէ բան մանրամասնելու. «Մոդուլային ատոմակայանների կառուցման ժամկետը շատ ավելի կարճ է»։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին:Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։