ԵՄ–ն ուզում է ամրապնդել Անկարայի հետ հարաբերությունները երկրի ռազմական հզորության պատճառով

Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը նորովի է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին և ցանկանում է վերականգնել վստահությունը` հատկապես հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը: Այս մասին Ֆրայբուրգում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ողջ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ առևտրի ծավալը: Մենք նորովի ենք նայում այս կարևորագույն հարաբերություններին, ինչպես նաև այն քայլերին, որոնք երկու կողմերը կարող են ձեռնարկել ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի միջև վստահությունը վերականգնելու համար»,-ասել է նա:
Կոսը դա բացատրել է նրանով, որ, իր կարծիքով, ինչպիսին էլ լինի Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը, այն Եվրոպայում անվտանգության նոր իրողություն կստեղծի:
«Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակը և զարգացած պաշտպանական արդյունաբերություն, արդեն իսկ կարևոր դերակատար է եվրոպական անվտանգության ոլորտում և հավանաբար է՛լ ավելի կենտրոնական դեր կխաղա որպես կայունացնող ուժ Սև ծովի տարածաշրջանում»,- ասել է եվրահանձնակատարը:
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Ընդ որում` անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են բաժանվել»:
TRIPP–ը, Հայաստանն ու Հարավային Կովկասը կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ–ի ու ԵՄ–ի միջև