3000 դրամ հավաքին մասնակցելու համար. «Ուժեղ Հայաստանի» ևս մեկ անդամ տնային կալանքի տակ է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մեկ անդամի նկատմամբ. Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն»,–ասվում է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:
Խոսքը վերաբերում է 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքին, որին մասնակցելու համար, ըստ ՔԿ–ի, Վ.Ա.-ի համակարգմամբ մի շարք բնակիչների տրամադվել է 3000–ական դրամ։
Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:
Գյուլագարակի ավագանու անդամի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։ Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Ապրիլի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Նա մեղադրվում է ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու մեջ։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ապրիլի 29–ին էլ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, այստեղ ևս կան ձերբակալվածներ։