Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ

Քրեական վարույթը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Իրավապահներն այսօր մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կան բերման ենարկվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք»,– հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից նշեցին, որ անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն։
Հիշեցնենք` ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։ Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Ապրիլի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Նա մեղադրվում է ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու մեջ։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։