ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգին միանալու գաղափարը նոր չէ, սակայն այն այդպես էլ շարունակում է մնալ ուղղակի քննարկումների մակարդակում. իրագործման համար անհրաժեշտ է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ հիշեցնելով, որ դեռևս «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում` 2008–2009 թվականներին, արդեն իսկ սկսվել էր բանակցային գործընթաց Թուրքիայի հետ և անգամ ներգրավվել էր տեղաբաշխմամբ զբաղվող բելգիական «ՅՈՒՆԻՏ» ընկերությունը։ Խոսքը Գյումրի–Կարս երկաթուղու երկայնքով անցնող էլեկտրահաղորդման գծի մասին էր։
Հունվարի 29–ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Նրա խոսքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի ցանցերն օգտագործել արտահանման ավելի մեծ շուկաների հասանելիություն ունենալու համար։ Հակառակ դեպքում, Հայաստանն առնվազն տրանզիտի դիմաց եկամուտներ կստանա։
«Եթե այս հարցը դիտարկում ենք ավելի ռազմավարական տիրույթում, ապա պետք է անդրադառնանք Թուրքիայի էներգետիկ զարգացման ծրագրերին։ Թուրքիան ունի էներգետիկ անվտանգության ապահովման երկարաժամկետ դոկտրին, որում շատ հստակ գրված է՝ 2030 թվականին էլեկտրաէներգիայի պահանջարկի և դրա ապահովման մասով Թուրքիան ամբողջությամբ դառնում է ինքնաբավ երկիր, իսկ 2035 թվականին սկսում է ակտիվորեն արտահանել այն։ Հենց այս ռազմավարության ներքո էլ երկրում կառուցվում են մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ Աքքույուի, Սինոպի ատոմային էլեկտրակայանները և այլն»,– նշեց Դավթյանն ավելացնելով, որ Թուրքիան այսօր նաև հիդրոէլեկտրակայանների քանակով է աշխարհի առաջին տասնյակի մեջ. շուրջ 700 հիդրոէլեկտրակայան է գործում այդ երկրում։
Ինչի՞ մասին է սա խոսում. ըստ էներգետիկ անվտանգության փորձագետի` եթե միացվում են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերը և Հայաստանն, օրինակ` գնում է, ատոմակայանի կոնսերվացման ճանապարհով կամ հրաժարվում է մեծ հզորության ատոմակայանից` փոխարենը կառուցելով մոդուլային ռեակտոր, ապա հաշվի առնելով Թուրքիայի էներգետիկ էքսպանսիոնիստական նպատակները` մեծ հավանականությամբ մեր երկիրը կսկսի էլեկտրաէներգիան ներկրել Թուրքիայից, և սա առավել քան ակնհայտ է։
«Եթե գնում ենք Թուրքիայի հետ էներգետիկ փոխգործակցության զարգացման, էլեկտրաէներգետիկ համակարգի սինխրոնիզացման ճանապարհով, չպետք է մոռանանք, որ խոսքը նաև Ադրբեջանի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման մասին է։ Այո, մեր էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, և կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կառավարությունից լիցենզիա են ստանում և էլեկտրաէներգիա ներկրում, սակայն այս ամենի արդյունքում Հայաստանը կարող է ուղղակի դառնալ ներկրող պետություն»,– ընդգծեց նա։
Դավթյանի կարծիքով` սպառողական տեսանկյունից գուցե սա լավ է ինչ–որ խմբերի համար, բայց եթե հարցը դիտարկում ենք ռազմավարական և ազգային անվտանգության տեսանկյունից, այստեղ ռիսկերն առավել քան ակնհայտ են։
Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր կառավարչի թեմային` Դավթյանը չբացառեց այն մտավախությունները, որ ՀԷՑ–ի կառավարիչ կարող է լինել նույն Թուրքիան` հատկապես հաշվի առնելով այս երկրի էներգետիկ նկրտումները և ՀՀ-ի իշխանությունների հետ քննարկումները։
Հիշեցնենք` 2025 թ. հունիսի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։