Գիտատար տեխնոլոգիաները փոքր երկրների «գրպանի և խելքի բանը չեն». փորձագետը՝ ԱԹՍ–ների մասին

Sputnik
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ նշեց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։
Նա նշեց, որ ժամանակակից պատերազմի մոդելը փոխվել է՝ եկել է ռոբոտների դարաշրջանը։ Անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվում են օդից, ջրից և ցամաքից։

Անօդաչուների պատերազմի իրողությունները

Աշխարհում Կոնդրատևի խոսքով, այսուհետ կծավալվեն ռոբոտների լիամասշտաբ պատերազմներ։ Մարտական գործողությունների մասնակից կդառնան քայլող, թռչող, ջրի տակ լողացող, ինչպես նաև անիվների ու թրթուրների վրա շարժվող դրոնները:
«Նման տեխնոլոգիաները բնականաբար կներթափանցեն տիեզերք։ Դրա մասին արդեն իսկ պետք է խոսել որպես իրողության», - ասաց նա։
Նման պայմաններում փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ մեծ բյուջե ունեցող փոքր երկրներին։ Կարծիք կա, որ նրանց համար արդեն ավելի դյուրին է դիմակայել մեծ ու հարուստ պետությունների հետ մրցակցությանը։ Բայց այստեղ կան նրբություններ:
«Մեկ անօդաչուի ընդհանուր արժեքը ենթադրում է կատարվող գիտական մշակման, ծրագրային ապահովման և արհեստական բանականության օգտագործման մեծ ծախսեր։ Այսինքն, այդ փոքր երկրներին պետք կգան լուրջ ներդրումներ տեխնոլոգիաներում», - վերլուծում է Կոնդրատևը։
Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–ն
Փորձագետը փաստում է՝ ամեն դեպքում առայժմ էժան դրոններն ի վիճակի չեն փոխարինել ավանդական և ավելի հզոր ու թանկ զինատեսակներին։ Հրթիռները մնում են առաջնահերթություն։ Միջուկային զենքը դեռևս համարվում է զսպման ամենաարդյունավետ գործիքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ սպառազինության որոշ թանկարժեք համակարգեր, ինչպես, օրինակ, միլիոններ արժեցող զրահատեխնիկան, այսօր ոչնչացվում է ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ դրոններով։

Դրոնը՝ որպես հարկադրանքի մեթոդ

Կոնդրատևը նշում է, որ հեռակառավարվող էժան համալիր կարող է արտադրվել հսկայական քանակությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հայտարարել է, որ 2026 թվականին իրեն անհրաժեշտ է 7 միլիոն դրոն։ Բայց փոքր երկրների համար աներևակայելի դժվար է ամբողջական ցիկլով արտադրել այդպիսի քանակ:
«Կարելի է, իհարկե, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և ծրագրային ապահովում ձեռք բերել այլ՝ ավելի զարգացած երկրից, բայց նման համալիրներ գնելով, օրինակ, ԱՄՆ-ից, երկիրն ինքնաբերաբար դառնում է արաբերությունների պատանդը։ Չէ՞ որ, օրինակ, ամերիկյան հետախուզական անօդաչու համակարգերը կառավարվում են կա՛մ Starlink համակարգով, կա՛մ այլ արբանյակներով։ Նման համակարգեր արտադրող և վաճառող երկիրը կարող է պարզապես անջատել դրանք», - ասում է Կոնդրատևը:
Եթե գնորդ պետությունը աշխարհաքաղաքական կամ տնտեսական առումներով իրեն պահի ոչ այնպես, ինչպես պետք է մատակարար երկրին, ապա դա կարող է ճնշման շատ արդյունավետ լծակ դառնալ։
ՀՀ իշխանությունը թերակատարում է ռազմարդյունաբերության զարգացման ծախսերը. Քերոբյան
«Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԹՍ-ների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Սա պատերազմի համընդհանուր տրամաբանությունն է. զարգանում է սուրը, իսկ հետո՝ նաև վահանը», - նշում է փորձագետը։
Կա նաև երրորդ` ոչ պակաս կարևոր գործոն՝ մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը։ Սա նույնպես շատ ծախսատար զբաղմունք է և երբեմն նույնիսկ բարգավաճող պետությունների համար ֆինանսապես անհասանելի։