ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի փորձագետ Մաքսիմ Կոնդրատևը կարծում է, որ ՀՀ ԶՈւ–ն պետք է ուշադրություն դարձնի դրոնների կիրառման հստակ ենթակառուցվածքի ստեղծման վրա:
Վերջին հարյուրամյակի ընթացքում անօդաչու սարքերը առանցքային կերպով վերափոխել են ռազմական գործը: Դրանք էապես փոխում են ժամանակակից հակամարտությունների բնույթը և նոր մարտահրավերներ են ձևավորում ռազմական գիտության համար։
«Ես ուշադրություն կդարձնեի նեղ մասնագետների պատրաստման և ամբողջ ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտության վրա։ Սա կարևոր է առաջին հերթին: ԱՄՆ-ից կամ այլ երկրներից անօդաչու թռչող սարքեր գնելը քիչ է: Պետք են բարձրորակ կադրեր, որոնք կօգտագործեն դա»,–Sputnik Արմենիայի միացմամբ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոսը։
Նրա կարծիքով` ևս մեկ կարևոր հանգամանք է հավանական հակառակորդի դրոններին հակազդելու կարողությունների զարգացումը։ Փորձագետի խոսքով` այս առումով Հայաստանը «սովորելու բան ունի» այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի և Ուկրաինայի կուտակած փորձից: Երկու երկրներն էլ մարտական գործողությունների սկզբում դրոնների կիրառման առումով բազմաթիվ տեխնոլոգիական սխալներ են թույլ տվել, բայց հիմա հսկայական փորձ ունեն կուտակած։
Ընդ որում, Կոնդրատևը սխալ է համարում մեծ անօդաչու համալիրների գնման մարտավարությունը՝ այն, ինչ հիմա անում են Թուրքիան և Ադրբեջանը համատեղ: Հիմա շատ ավելի արդյունավետ են կամիկաձե դրոնները՝ ինչպես, օրինակ, իրանական «Շահեդները», որոնք Թեհրանն ակտիվորեն կիրառել է վերջին էսկալացիայի ընթացքում։