ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Մոմավառություն և հիշատակի երեկո է տեղի ունեցել Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում. 4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից։ Նա և նրա չծնված բալիկը մահացան։
Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին
© Sputnik
Այսօր մի խումբ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։ Նրանք նաև մոմովառություն իրականացրին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։
Այդպես դատարանը լուծեց միայն մեղավորության հարցը, սակայն պատժի հարցը մնաց օդում կախված։ Դատարանը հայտնել էր, որ դրան կանդրադառնա դատալսումների փուլում։ Պատասխանող կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, պատժի կրումը հետաձգվել է։
Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին
© Sputnik
Հավելենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։