Այս տարի էլ Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի միջոցառումները եզրափակվել են ավանդական ծաղկահավաքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կրկին ծաղկահավաք է, խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում։ Տեղեկությունը հայտնում է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ն, որն ամեն տարի կազմակերպում է «Ծաղկահավաք» ծրագիրը։
«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ և մոմ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում են «ԱՐԱԼԵԶԻ» սկաուտական խմբի անդամները:
Ծրագրի ավարտին հավաքված ծաղկաթերթիկների մի մասը վերամշակվում է տեղում, մյուս մասը` տրամադրվում դպրոցներին, որտեղ էլ սկաուտները կազմակերպում են վերամշակման վարպետաց դասեր` աշակերտներին դարձնելով այդ խորհրդանշական աշխատանքի մասնիկը:
Հավելենք` ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մարդիկ տասնյակ հազարավոր ծաղիկներ են խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում աղոթք բարձրացրեց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին