ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Մալիի մայրաքաղաք Բամակոյի օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, մոտակայքում կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը:
«Reuters» գործակալության տվյալներով` պայթյուններն ու կրակոցներ են լսվել Կատի գլխավոր ռազմաբազայի մոտ, որը գտնվում է Բամակոյից ոչ հեռու:
Մալիի բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական օբյեկտների վրա ահաբեկիչներ են հարձակվել, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյում։
«Associated Press»-ի թղթակիցը հաստատում է, որ կրակոցներ են հնչել ինչպես Բամակոյի միջազգային օդանավակայանի շրջանում, այնպես էլ Կատի քաղաքում (այստեղ է ծնվել անցումային կառավարության ղեկավար Ասիմի Գոյտան):
Ըստ որոշ տեղեկությունների` կրակոցներ են հնչել նաև հյուսիսում գտնվող Գաո քաղաքում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասում գտնվող Սևարա քաղաքում։
Հակակառավարական ուժերի հաջողությունների մասին հակասական տեղեկություններ են հրապարակվում։ Սոցցանցերում գրում են Մալիի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումար Դիարայի մահվան մասին, բայց այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա:
Մալին ավելի քան 10 տարի պայքարում է ջիհադական խմբավորումների դեմ։ 2012–ին տուարեգները ապստամբեցին, որից հետո 2014-ին իշխանությունները և տուարեգների մի շարք շարժումներ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, իսկ 2015-ին՝ խաղաղության համաձայնագիր: Այդուհանդերձ, երկրում տիրող անկայունությունը հանգեցրել է արմատական իսլամիստական խմբավորումների ուժեղացման, իսկ անվտանգության ոլորտի ճգնաժամը տարածվել է հարևան Բուրկինա Ֆասոյի և Նիգերի վրա: