Մենք չպետք է լռենք. Պարգև սրբազանը դիմել է Հռոմի պապին և միջազգային կառույցներին

Արքեպիսկոպոսը հիշեցրել է, որ ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Լռությունը հանցագործություն և մեղսագործություն է։ Այս հայտարարությունն արել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` տեսաուղերձով դիմելով Համաշխարհային եկեղեցիների խորհրդին, Հռոմի պապին, սենատորներին, ՅՈւՆԵՍԿՕ–ին։
«7–8 օր առաջ Ստեփանակերտում ազերիները քանդեցին Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քար լռության պատճառով մեկ շաբաթ անց քանդեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը։ Հասկացանք` պաշտոնական Հայաստանը լռեց, սակայն ես դիմում եմ ողջ հայությանը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, դիմում եմ բոլոր` թե՛ ներսի, թե՛ դրսի կուսակցություններին, միություններին, կազմակերպություններին` բարձրացնել իրենց ձայնն այն մասին, թե մշակութային ինչ ցեղասպանություն է կատարվում Արցախում, որն ի վերջո բերում է նաև ֆիզիկական ցեղասպանության»,– ընդգծել է արքեպիսկոպոսը։
Նա նշել է, որ այս մասին արդեն գրավոր դիմել է ԱՄՆ սենատորներին, կոնգրեսմեններին, ՅՈւՆԵՍԿՕ–ին, Համաշխարհային եկեղեցական խորհրդին, Հռոմի պապին։
«Սակայն ես միայն մեկ ձայն եմ, մինչդեռ բոլորը պետք է դիմեն իրենց տեղական իշխանություններին, և բոլորով պետք է համաշխարհային աղմուկ բարձրացնենք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը, մենք չպետք է լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ է մեղք, որն ավելի մեծ մեղք է բերելու»,– հայտարարել է Պարգև սրբազանը։
Նա ընդգծել է` մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք կասեցնել այս ամենը, քանի որ սա ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհի համար է. մշակույթն ամբողջ աշխարհին է պատկանում։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։