ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Իրանցի մասնագետները աստիճանաբար վերադառնում են «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման հարթակ, սակայն շինարարության վերսկսման ժամկետները կախված են ռազմական հակամարտության ավարտից: Այս հայտարարությունն արել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքը մեջբերում է «Страна Росатом»–ը։
«Առաջին անգամ կարելի է փաստել, որ վատ նորություն չկա։ Իրանցի մասնագետները սկսում են աստիճանաբար վերադառնալ հարթակ։ Ճիշտ է՝ սա դեռ լիարժեք շինարարություն չէ, այլ մեքենաների, սարքավորումների փորձարկում, որոշակի ստուգում: Եվ մենք ակտիվորեն համագործակցում ենք, դրա համար էլ մեր մարդիկ մնացել են «Բուշերի» տարածքում», - ասել է Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ երկրորդ և երրորդ բլոկների կառուցմանը բավական արագ վերադառնալու հավանականություն կա:
«Սակայն շատ բան կախված է Մերձավոր Արևելքում, Հորմուզի նեղուցում հակամարտության ավարտից», - հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։