Սերժ Սարգսյանի` ընտրություններին չմասնակցելը կեղծ թեզ է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ընտրություններով ընդդիմությունն ուզում է վերականգնել ՀՀԿ- ԲՀԿ- ՀՅԴ կոալիցան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշումը կեղծ թեզ է համարում։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե Սարգսյանն այլ ուժերի միջոցով է մասնակցում։
«Նախորդ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքով էր մասնակցում, այս ընտրություններում՝ «Ուժեղ Հայաստանով»։ Նախ՝ հրապարակային հայտարարել է, երկրորդ՝ ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էր հանրահավաքներին։ Այսօրվա ընտրական գործընթացներում նրանք ուզում են ռևանշի հասնել ու վերականգնել 2006-2007 թվականների ՀՅԴ- ԲՀԿ- ՀՀԿ կոալիցիան։ Այլ պատմություն սրա տակ չկա»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի մեկին ՀՀԿ–ն, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, հայտարարեց, որ չի մասնակցի ԱԺ ընտրություններին։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։