ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան շարժումը հասել էր մի կետի, որտեղից ելք չկար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը։
Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂ հարցով բանակցային բարդ իրավիճակում իր հեռանալն ու այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանքներ ունեցան։
«ԼՂ հարցը հասել էր մի տեղ, որից ելք չկար, իսկ նախորդ ամբողջ շրջանը՝ 1994 թվականից հետո, եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, քանի որ պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել։ Մեր ընկալման մեջ կար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, բայց մենք չենք ունեցել դա. մենք ունեցել ենք պատերազմ՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այն, որ այլևս պատերազմի պայթյունը հնարավոր չէր հետաձգել, ինքը՝ Սերժ Սարգսյանն է հայտարարել 2018 թվականի ապրիլին ԱԺ ամբիոնից»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենցից առաջ բանակցային փաստաթղթերով խաբել են հայ ժողովրդին։
«Այնտեղ գրված է մի բան՝ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք։ Ղարաբաղյան շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին, Ղարաբաղյան շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել ու ուզել են, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը երբեք զոհի կարգավիճակից դուրս չգան։ Հպարտ եմ, որ մեր պետությունն այդ թակարդից դուրս եմ բերել, այո՛, զոհերի ու զոհողությունների գնով»,– շարունակեց վարչապետը։
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանը հայտարարեց, թե հայ ժողովուրդն ամեն ինչ գիտի այդ օրերի մասին, և այս թեմայով նորություն լինել չի կարող նաև պատերազմն ուսումնասիրող զեկույցում։ Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ զեկույցը կհրապարակվի՝ ասելով, թե դրա հերթն էլ կգա։