ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար երկկողմ բանակցություններ կանցկացվեն Իսրայելի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Լիբանանը երկկողմ բանակցությունները կանցկացնի դեսպան Սիմոն Կարամի գլխավորած պատվիրակության միջոցով։ Լիբանանի փոխարեն ոչ ոք չի մասնակցի այդ առաքելությանը», - ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Կարամը լիբանանցի դիվանագետ է, որը նախկինում զբաղեցրել է պետական մի շարք պաշտոններ և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ:
Աունի խոսքով՝ բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին:
«Մենք կանգնած ենք ընտրության առաջ՝ կա՛մ շարունակել պատերազմը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կա՛մ բանակցել այն դադարեցնելու և կայուն իրավիճակի հասնելու համար։ Ես ընտրել եմ բանակցելու ուղին», - ասել է Լիբանանի նախագահը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարեց, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին: Սակայն Լիբանանի ազգային գործակալությունը հաջորդ օրը հայտնեց, որ Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին։