ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Այսօր Հորմուզի նեղուցով անցել է 3 լցանավ։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով SynMax արբանյակային վերլուծությանը և Kpler հարթակով հետևման տվյալներին:
«Վերջին 12 ժամվա ընթացքում կատարվել է ընդամենը 3 անցում (Հորմուզի նեղուցով – խմբ.)», – ասված է հաղորդագրության մեջ:
Այսպես. նեղուցով անցել են Nero նավթամթերքի, քիմիական արտադրանքի, ինչպես նաև հեղուկացված ածխաջրածնային գազի փոխադրման լցանավերը։
Հաղորդագրության մեջ տվյալներ չեն ներկայացվում նավերի պատկանելության, դրանց տերերի և երթուղիների մասին:
Գործակալությունը նշում է, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը գործնականում դադարեցված է մնում։
Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն ավարտվել Է անարդյունք:
Ապրիլի 13-ին ԱՄՆ ՌԾՈւ–ն սկսեց շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ողջ ծովային երթևեկությունը, որին բաժին է հասնում համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը: Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ տեղաշարժվել Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։ Իրանի իշխանությունները չեն հայտարարել վճարման համակարգ ներդնելու մասին, սակայն խոսել են նման ծրագրերից:
Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը, սակայն, հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան: