ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Իրանական հրթիռային համակարգերի և անօդաչու թռչող սարքերի մատակարարման և բեռնման արագությունն աճել է ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հակամարտության սուր փուլին նախորդող ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
«Հրադադարի ժամանակահատվածում հրթիռային արձակման համակարգերի և ԱԹՍ-ների մատակարարման ու բեռնման արագությունը մեզ մոտ նույնիսկ ավելի բարձր է, քան պատերազմից առաջ։ Տեղեկացնում ենք, որ թշնամին ի վիճակի չէ իր համար նույնպիսի պայմաններ ստեղծել և ստիպված է մաս-մաս զինամթերք մատակարարել աշխարհի մեկ այլ մասից», – ասել է Մուսավին, հաղորդում Է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին հարստացված ուրան չեն ուղարկի՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղ հայտարարություններին հնարավոր առաքման մասին: Նրա խոսքով՝ Թեհրանն առայժմ պատրաստ չէ ամերիկացի պաշտոնյաների հետ ուղիղ բանակցությունների նոր փուլ անցկացնել:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: