ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2026 թ.–ի համար շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին` սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նախագծի հեղինակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի 1–ին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով: Նախարարությունից հիշեցրել են, որ Հայաստան ազոտական պարարտանյութը ներկրվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Վրաստանից։
«Հայաստանի շուկայում նկատվող պարարտանյութերի պահանջարկի և գնաճի միտումները հիմնականում պայմանավորված են Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող գործողություններով։ Արդյունքում պարարտանյութերի ներմուծման ծավալները կրճատվել են, որը կարող է հանգեցնել գների աճի։ Գնաճի նման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությունը դառնում է ոչ եկամտաբեր և ոչ արդյունավետ գործունեություն»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նախարարության վերլուծությունները ցույց են տվել, որ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար առավել լայն կիրառություն ունեցող ազոտական պարարտանյութի պահանջարկը կկազմի 21 000 տ, որից շուրջ 5000–6000 տոննան արդեն ձեռք է բերվել, իսկ շուրջ 15 000 տոննայի պահանջարկն անհրաժեշտ է ապահովել։
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար։ Մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գինը կսուբսիդավորվի 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով 3000 դրամը։
Ծրագրի շահառուները պարարտանյութերը ձեռք կբերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։ Վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվություն կրելու է մատակարարը։