ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր

ՊԵԿ-ն առաջարկում է նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. ՀՀ կառավարությունը կպարզեցնի օրինակելի հարկ վճարողների համար մի շարք ընթացակարգեր։ Կառավարության նիստում այսօր քննարկվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց, որ նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը և հարկային վարչարարության շարունակական բարելավումը:
«Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիրտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը և առանց 12 ամիսը մեկ դիմում ներկայացնելու»,–ասաց ՊԵԿ նախագահը։
Հակոբյանը նշեց , որ առաջարկում են նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում ռիսկայնությունը որոշող չափանիշները գնահատելիս կիրառել 0,8 գործակից, ինչը նշանակում է 20 տոկսով նվազեցնել ռիսկերը, ինչը նվազեցնելու է համալիր ստուգումբերի հաճախականությունը նման հավաստագիր ունեցողների մոտ: