ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այլընտրանքային առևտրային երթուղիների շնորհիվ Հայաստանում ապրանքների պակաս չկա և չի սպասվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան է գնաճը. դրա վրա ազդելու մեր հնարավորությունները սահմանափակ են, եթե ապրանքները թանկանում են ծագման երկրներում», – հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ձևավորել է Չինաստանից նոր երթուղի՝ երկաթուղային կապ Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: Այս երթուղին, ըստ վարչապետի, ներկայիս համատեքստում դարձել է կարևոր այլընտրանք Իրանի միջոցով ճանապարհներին, բայց Հայաստանը, անկախ ամեն ինչից, Իրանի հետ հաղորդակցությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս՝ այն համարելով ռազմավարական:
Փաշինյանը հավելեց, որ Իրանում իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանը պատրաստ է սկսել TRIPP նախագծի իրականացումը։ Նա նաև գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի համար բարեկամ երկու երկրները բանակցություններում դրական դինամիկա են ցուցաբերում:
Նրա խոսքով՝ Իրանի և Հայաստանի, իսկ ավելի լայն առումով` Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: