ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։
Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։
Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը փաստաթղթի ստորագրման ամսաթվից հետո 180–րդ օրն է։
ՀՀ կառավարությունից նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 4,735 ընտանիք, որից 2,113-ն իրացրել է այն, պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ վճարվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ։