Ե՞րբ կվերացվի Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփը նոր գրառում է արել

Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ գործարքը 100%-ով չի իրականացվել։
Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարել էր, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել էր «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։
«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է աշխատանքի ու լիարժեք անցման համար, սակայն ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, քանի որ այն վերաբերում է միայն Իրանին, քանի դեռ Իրանի հետ մեր գործարքը 100%-ով չի ավարտվել: Գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։
Ապրիլի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։