Ինչու են ձերբակալել «Ուժեղ Հայաստանի» անդամներին․ Հակակոռուպցիոնը ձայնագրություն է տարածել

Ձերբակալություն. Արխիվային լուսանկար
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, խուզարկություններ են իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, թե ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին և համախոհներին։
Ավելի վաղ կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։
Կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որտեղ ենթադրաբար «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները և նրանց հետ համագործակցող ՀԿ-ներում որպես աշխատակից գրանցված անձինք խոսում են Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք բաժանելու մասին:
«Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ Արտաշատում կուսակցության 15 համակիրներ բերման են ենթարկվել, նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։