ՔՊ–ն 283 թեկնածուի անուն է ներկայացրել ԿԸՀ. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախընտրական ցուցակի ձևավորումը սկսել են դեռ նախորդ տարվա վերջից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 283 թեկնածուի անուն է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը։
«Մենք արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էինք։ Այսօր, կարգի համաձայն, արդեն թղթային տարբերակները ներկայացրինք հանձնաժողով։ Ցուցակի ձևավորումը սկսել ենք դեռ նախորդ տարվա վերջից»,–ասաց Հարությունյանը։
Հարցին, թե որ քաղաքական ուժին են հիմնական մրցակից համարում, Հարությունյանը պատասխանեց, որ իրենք հավասար հարգանքով են վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։
«Մենք հավասարապես ուշադրություն ենք դարձնում բոլոր քաղաքական ուժերին։ Ըստ անհրաժեշտության` մեկին շատ ենք անդրադառնում, մեկին` քիչ, բայց բոլորին համարում ենք մրցակից»,–ասաց Հարությունյանը` չցանկանալով անուններ տալ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրությունների առաջադրման ժամկետը ապրիլի 13–23-ն է։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին, հայտնի դարձավ, որ որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։