Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

«Քննարկվել են ԻԻՀ–ի վրա ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման հետ կապված հարցեր։ Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Հավելենք, որ իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: