ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարությունը որոշում է ընդունել կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը», - Վերոնայում լրագրողներին ասել է Մելոնին:
«Nova» գործակալության հաղորդմամբ՝ Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոն նամակ է հղել իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին՝ պաշտոնապես ծանուցելով նրան այդ մասին։
Հուշագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի ապրիլի 13-ին, սահմանում է Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքերը, այդ թվում ռազմական արտադրանքի փոխանակումը և երկու երկրների զինված ուժերի միջև տեխնոլոգիական փոխգործակցության զարգացումը: Փաստաթուղթը նախատեսում էր նաև դրանով սահմանված գործողության ավտոմատ երկարացում յուրաքանչյուր հինգ տարին մեկ։
Մելոնին հավելել է, որ Իտալիան կոչ է անում վերականգնել Հորմուզի նեղուցի աշխատանքը:
«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը խաղաղ բանակցություններն առաջ տանելու ուղղությամբ՝ իրավիճակի կայունացման և նեղուցի աշխատանքի վերսկսման համար գործադրելով բոլոր հնարավոր ջանքերը, ինչը մեզ համար չափազանց կարևոր է ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի մատակարարման տեսանկյունից», – հայտարարել է Իտալիայի վարչապետը:
Ապրիլի լույս 8-ի գիշերը Դոմալդ Թրամփ հայտարարել է Թեհրանի հետ երկու շաբաթով հրադադարի մասին համաձայնության հասնելու մասին, ինչից հետո Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ են սկսել Իսլամաբադում: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները արգելափակելու է բոլոր այն նավերի շարժը, որոնք փորձում են մտնել Հորմուզի նեղուց և դուրս գալ այնտեղից: Նա նաև հանձնարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հետևել և կալանավորել բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին: