ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետով փորձել են Հայաստան ներմուծել 18520 տուփ չհայտարարագրված ծխախոտի խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Իրանից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության:
Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ:
Զննության արդյունքում, բեռնատարի տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:
«Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ.-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն: