ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը փորձեր է ձեռնարկել ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ Լիբանանի արևելքում և հյուսիսում ճակատ բացելու համար, սակայն Դամասկոսը հասկանում է, որ դա իր շահերից չի բխում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման քաղխորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։
«Միացյալ Նահանգները փորձել է ճնշում գործադրել Սիրիայի ներկայիս ղեկավարության վրա, որպեսզի այն միջամտի Լիբանանում տիրող իրավիճակին արևելքից և հյուսիսից։ Սակայն Սիրիայի ղեկավարությունը չի կարծում, որ դա իր շահերից է բխում (գոնե նրանց պաշտոնական հայտարարությունների համաձայն)», – ասել է Քոմատին։
Նրա խոսքով՝ Սիրիայի ղեկավարությունն այսօր ընդգծում է, որ ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել և խուսափել հակամարտությանը ներգրավվելուց։ Այն նաև կոչ է անում լիբանանյան կողմին Սիրիայի տարածքում չձեռնարկել այնպիսի գործողություն, որը կարող էր միջամտության հանգեցնել երկրի ներքին գործերին։
«Սակայն մենք չգիտենք, թե ինչի կարող է հանգեցնել ամերիկյան ճնշման, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Սիրիայի վրա այդ «սատանայական» ճնշման ուժեղացումը սպառնալիքների և խոստումների միջոցով, որպեսզի այն որոշակի դեր խաղա Լիբանանում: Մենք չգիտենք, թե ինչ որոշում ի վերջո կկայացնի Սիրիայի ղեկավարությունը», – նշել է Քոմատին։
Նրա խոսքով՝ «Լիբանանն իր բանակով, ժողովրդով, ցեղերով և դիմադրությամբ աջակցում է սիրիացի ժողովրդին», սակայն թույլ չի տա որևէ մեկի ոտնձգություն իրականացնել իր անվտանգության և կայունության նկատմամբ։
Իսրայելի և շիական «Հզբոլլահ» շարժման միջև լարվածությունը սկսվեց մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսեց հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրացման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ սկսեց հասցնել Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաա հովտին և Բեյրութի արվարձաններին: Մարտի 16-ին իսրայելական բանակը պաշտոնապես հայտարարեց Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի մասին հաղորդումներից հետո Լիբանանում «Հզբոլլահը» դադարեցրեց Իսրայելի դեմ գործողությունները։ Ապրիլի 9-ին շիա դիմադրության կողմից մարտերը վերսկսվեցին, այն բանից հետո, երբ Իսրայելը զանգվածային հարվածներ հասցրեց Բեյրութի և Լիբանանի հարավում գտնվող այլ բնակավայրերի։