Ստացած վնասվածքներից մահացել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը

Խարազիի տան վրա հարձակման հետևանքով մահացել էր նրա կինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին, որը վնասվածքներ էր ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանին հասցված հարվածի հետևանքով, մահացել է։ Տեղեկությունը հայտնում է իրանական պետական հեռուստաընկերությունը։
«Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար և Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Քամալ Խարազին մահացել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Խարազիի տան վրա հարձակումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Դրա հետևանքով մահացել էր նաև Խարազիի կինը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։