ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Նոր քաղաքական բևեռ չձևավորվեց. «Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե» միավորումը որոշել են դադարեցնել համագործակցությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը։
Փետրվարի 27–ին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչը նշանակում էր, որ նրանք մեկ միասնական ճակատով կմասնակցեն հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրություններին։
Նախաձեռնությունից նշել են, որ անցած ժամանակաշրջանում երկու կազմակերպությունների ղեկավար մարմինների և անդամների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք՝ միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակով։
«Միևնույն ժամանակ մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշել ենք ներկա փուլում ավարտել համատեղ աշխատանքը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր երկու կազմակերպությունների բոլոր անդամներին և աջակիցներին վստահության և համագործակցության համար, և փոխադարձ հաջողություն ենք ցանկանում մեր հայրենիքի անվտանգության և բարօրության համար մղվող պայքարում»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։