ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ապրիլի 19-ին պաշտոնապես կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական բացման առիթով նաև ավտոերթ է լինելու։
Նախարարի էջում հրապարակված է այն QR կոդը, որը սկանավորելով հնարավոր է միանալ ավտոերթին։
ՔՊ-ական տարբեր գործիչներ ֆեյսբուքյան իրենց էջերում կոչ են անում մասնակցել ավտոերթին։
Հիշեցնենք՝ 2024թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, թե 2025 թ. ամռանը Հյուսիս–հարավ ճանապարհը Երևան–Գյումրի հատվածում ամբողջությամբ պատրաստ կլինի։ Նա հայտնել էր, որ Արտաշատ–Երևան և Երևան–Աշտարակ ճանապարհահատվածները լիովին պատրաստ են, շուտով կավարտվի Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի կառուցումը:
«Հյուսիս-հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից է։ Այս ճանապարհը (մասամբ նոր, մասամբ՝ գործողների ընդլայնմամբ) կկրճատի իրանական-վրացական սահմանի հեռավորությունը 550 կմ-ից մինչև 460 կմ և կհեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի ավազանի երկրների համար։