ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մոսկվան ունի հստակդիրքորոշում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունները տարածվում են նաև Լիբանանի վրա: Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ–ից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում։
Այսօր ավելի վաղ հայտնել էիինք, որ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երրորդ հեռախոսազրույցն են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով։
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու հանգուցալուծումների որոնմանն ու տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության ապահովմանը, և հույս է հայտնել, որ գործընթացը հաջողություն կունենա։
Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պարսից ծոցի իրավիճակի քննարկման ժամանակ սկզբունքային դիրքորոշման համար:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։