Տարիներ են պետք Նեթանյահուի հասցրած վնասը վերացնելու համար․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ

Իսրայելցի քաղաքական գործիչը կարծում է, որ Նեթանյահուն քաղաքական ու ռազմավարական ձախողում ունեցավ՝ չկարողանալով հասնել իր դրած նպատակներից որևէ մեկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելին տարիներ են պետք վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցրած քաղաքական ու ռազմավարական վնասները վերացնելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ, «Եշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրին։
Նրա համոզմամբ՝ այդ վնասների պատճառը Նեթանյահուի ամբարտավանությունն են, անփութությունը և ռազմավարական պլանավորման բացակայությունը։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ ներկա չէր բանակցությունների սեղանին, երբ մեր ազգային անվտանգությանը վերաբերող որոշումներ էին ընդունվում»,- գրել է Լապիդը։
Նրա խոսքով՝ զինվորականները կատարեցին այն ամենը, ինչ պահանջվում էր նրանցից, հասարակությունը ցուցաբերեց անհավատալի տոկունություն, բայց Նեթանյահուն քաղաքական ու ռազմավարական ձախողում ունեցավ՝ չկարողանալով հասնել իր իսկ կողմից դրված նպատակներից որևէ մեկին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանին և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Իսրայելն աջակցում է Իրանի վերաբերյալ Թրամփի որոշմանը. Նեթանյահուի գրասենյակ