ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սպիտակ տանը հայտարարել են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հաղթանակի մասին։
«Սա Միացյալ նահանգների հաղթանակն է, որը տարել են նախագահ Թրամփն ու մեր անհավատալի զինվորականները։ «Էպիկական կատաղություն» գործողության ամենասկզբից նախահագ Թրամփը ենթադրում էր, որ այն կտևի 4-6 շաբաթ։ Մեր մարտիկների անհավանական ունակությունների շնորհիվ մենք մեր հիմնական նպատակներին հասանք և գերակատարեցինք 38 օրում»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ զինված ուժերի հաջողությունը նախագահ Թրամփին և նրա թիմին թույլ տվեց գործի դնել ազդեցության առավելագույն լծակներ, ինչը հնարավորություն տվեց բարդ բանակցություններ վարել, որոնք այժմ ճանապարհ են բացել դեպի դիվանագիտական լուծում և երկարատև խաղաղություն։
Բացի այդ, ինչպես նշել է Լևիթը, Թրամփը հասել է Հորմուզի նեղուցի բացմանը։
«Երբեք չպետք է թերագնահատել նախագահ Թրամփի` Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու ունակությունը»,-եզրափակել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում «ոսկեդար» է սկսվել։
Իրանի հետ ժամանակավոր զինադադարի մասին համաձայնագիրը նա անվանել է հաղթանակի օր և հավելել, որ Վաշինգտոնը կօգնի հաղթահարել տրանսպորտային կոլապսը Հորմուզի նեղուցում։
«Մեզ բազմաթիվ դրական փոփոխություններ են սպասվում։ Հսկայական կարողություն կաշխատենք։ Իրանը կկարողանա ձեռնամուխ լինել վերականգնմանը։ Մենք կսկսենք ամեն տեսակի պաշարներ կուտակել և պարզապես մոտակայքում կլինենք՝ համոզվելու համար, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Ընդ որում, Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կպահպանի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ նաև ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով կասեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին, Իսլամաբադում (Պակիստան)։ Իրանական կողմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված են եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում իսլամական դիմադրության դեմ։