ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ուժերի վարկանիշում պահպանում է առաջատարի դիրքը։ Այս մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտին արված հարցումները։
Ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
«Հարցման արդյունքների համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա 24,3%-ը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, որին հաջորդում է «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4%-ով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «Բարգավաճ Հայաստանը»՝ 7,9%-ով: Երկրորդ նախագահի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 5,5 %-ը, ևս 3,1%-ը սատարել է «ԴՕԿ» կուսակցությանը (Վարդան Ղուկասյան)»,- նշեց Նավասարդյանը։
Վերջին մի քանի ամսվա ընթացքում քաղաքական առանցքային դերակատարները բարելավել են իրենց վարկանիշը: Այսպես, դեկտեմբերյան հարցման ժամանակ ՔՊ–ի օգտին պատրաստ էր քվեարկել 16,5%-ը, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի օգտին՝ 7,2 %-ը, Գագիկ Ծառուկյանի կուսակցության օգտին՝ 4,5 տոկոսը։ Այդ հարցումից հետո իրավիճակը փոքր-ինչ վատթարացել է «Հայաստան» դաշինքի համար. դեկտեմբերին աջակցության մակարդակը 6,8 տոկոս էր:
Խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը պատրաստ է մասնակցել 51,9 %-ը, ևս 8,6 %-ը շատ հավանական է համարել մասնակցությունը, իսկ 9,5 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու։ Նավասարդյանը կարծում է, որ հասարակության մեջ նման տրամադրությունները բարձր մասնակցության հույս են տալիս։
Խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։