Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է սինագոգը

Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Իրանի մայրաքաղաքի ռմբակոծության ժամանակ արկը պայթել է սինագոգի անմիջապես հարևանությամբ։
Sputnik
Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը: Այս մասին հայտնում է Mehr–ը։
Նշվում է, որ շենքի առանձին հատվածներ փլուզվել են։
Հրապարակված կադրերում երևում են բեկորների կույտեր և շենքի փլուզված պատեր։
Հնարավոր տուժածների մասին տեղեկությունն այս պահին ճշտվում է։
Իրանի իշխանությունները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: