ՔՊ–ն որոշել է արգելել կուսակցությունների և դաշինքների անվանումներում անունների կիրառումը

ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրենքի նախագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Այս նախագծին արդեն անդրադարձել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Նա նշել է, որ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ:
«Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում է կուսակցությունների և դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը։ Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հետ։ Չի՛ ստացվելու, որովհետև կա մի բացարձակ ճշմարտություն, և մեր քաղաքական ուժը պայքարում է այդ ճշմարտության վերականգնման համար»,- ասել է նա:
Մելոյանը հիշեցրել է, որ մարտի 31-ին կնքվել է դաշինքը, և հայտարարվել է, որ ընտրական գործընթացներին մասնակցելու են որպես Դաշինք` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
«Ապրիլի 13-ից Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկելու էր քաղաքական ուժերի փաստաթղթերի ընդունելությունը։ Իշխող ուժը փորձում է այս միջակայքում, երբ ընդամենը մի քանի օր է մնացել փաստաթղթերի ընդունմանը, նման բացահայտ միջամտություն թույլ տալ և խախտել խաղի կանոնները»,- շարունակել էր Մելոյանը։
Գոհար Մելոյանը շեշտել է նաև, որ իշխանության պայքարը միայն իրենց քաղաքական ուժի դեմ չէ. սա կռիվ է ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու, պետության իրավական և ժողովրդավարական հիմքերի դեմ:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։