Պանամայի մայրաքաղաքի Լա Բոկա թաղամասում, որտեղ վառելիքի պարկ է գտնվում, հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել Panama Oil Terminals S.A. ընկերության օբյեկտների մոտակայքում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Ազգային հրշեջ ծառայությունը։
«Ցավոք, մեկ մարդ մահացել է, ենթադրաբար՝ ընկերության աշխատակից, որը փակված է մնացել հրդեհի և ցիստեռնի հետագա պայթյունի ժամանակ», –հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերն են մեջբերված գերատեսչության Х սոցցանցի էջում։
Հրդեհը մարելու համար մոտ 75 մարդ է ներգրավվել, այդ թվում՝ հրշեջներ և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։
Հրշեջի խոսքով՝ միջադեպի և հետագա հրդեհաշիջման աշխատանքների հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բուժզննում են անցնում բժշկական հաստատություններում։ Բացի այդ, թեթև վնասվածքներ են ստացել վառելիքի ընկերության մի քանի աշխատակիցներ։
Պանամայի դատախազությունը հայտնել է, որ պայթյունից հետո հետաքննություն է սկսվել։ Գործը վարում է դատախազության սպանությունների քննության գծով ստորաբաժանումը, մասնագետները սկսել են տեխնիկական զննումներ իրականացնել, ապացույցներ հավաքել և վկաների հարցաքննել՝ տեղի ունեցածի պատճառը և հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար։