ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում 14 մարդ է ձերբակալվել ռազմավարական օբյեկտների կոորդինատները թշնամական տեղեկատվական ցանցերին փոխանցելու կասկածանքով:
Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, ձերբակալվածները լուսանկարներ և տեսանյութեր են ուղարկել, ինչպես նաև լուրեր տարածել Իսրայելի և ԱՄՆ-ի օգտին գործող թշնամական ցանցերին։
Նշվում է, որ նրանց հայտնաբերման և ձերբակալության գործողություններն իրականացվել են ոստիկանության հետախուզության ստորաբաժանումների մասնակցությամբ և տեղի բնակիչների աջակցությամբ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: