ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանի հոգեհանգստյան արարողությունն է։ Մեծանուն հային հրաժեշտ տալու են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը, քաղաքական, հասարակական, մշակութային հայտնի գործիչներ։
«Հայ ժողովրդի իղձերին, նպատակներին ու հատկապես արցախահայության նպատակներին անհատնում նվիրյալ։ Նա այդպես էլ մնաց իր գաղափարների հավատացյալը, ակնհայտ էր, որ ջանք չէր խնայում արցախահայության հիմնական խնդիրները, այդ թվում՝ միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ՝ Զորի Բալայանը դարակազմիկ երևույթ էր և՛ որպես անհատ, և՛ որպես ազգային գործիչ։
«Նա շատ վառ հետագիծ է թողել իրենից հետո։ Զորի Բալայանի կողմից ազգային արժեքների մասին խոսելը, ազգային ազատագրական պայքարի ճշմարտացիության գիծը պահելը շատ վառ ու ճիշտ օրինակ է հետագա սերունդների համար»,- ասաց նա։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ հավելեց՝ Զորի Բալայանի պես հայրենիքին, ազգին ու հողին նվիրված քչերը կան։
«Ցավում եմ, որ նա հիմա գնաց, նա պետք է տեսներ իր հայրենիքի՝ Արցախի վերադարձը»,- նշեց նա։
Հիշեցնենք` գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, բժիշկ, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Զորի Բալայանը մահացել է ապրիլի 5-ին։ Նա 91 տարեկան էր։