ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլ»-ում կատարված ահաբեկչության հանցագործներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Մոսկվայի մեկուսարանի խցում ինքնասպան է եղել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթհոնը ինքնասպան է եղել Մոսկվայի մեկուսարանում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնի էր դարձել գործի նյութերից, «Կրոկուսի» ահաբեկչությունը ֆինանսավորվել է Յուսուֆզոդայի բանկային քարտի միջոցով, ինչի մասին նա, իր խոսքով, տեղյակ չի եղել: Յուսուֆզոդան միացել է ալիքի, որտեղ քարոզում էին իսլամի արմատական ուսմունքը, կատարում էր այդ այդ խմբի ադմինիստրատորի հանձնարարությունները։ Գործի նյութերից պարզվել է, որ ահաբեկչությունից կարճ ժամանակ անց նա ուղևորվել է «Վնուկովո» օդանավակայան, խնդրել է իր համար ավիատոմս ամրագրել ցանկացած երկիր մոտակա թռիչքի համար, սակայն անձնագրային հսկողության ժամանակ ձերբակալվել է:
Չհրապարակելով մահացածի անունը՝ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 6-ին մեկուսարանի խցում հայտնաբերվել է ցմահ ազատազրկման դատապարտվածը՝ առանց կյանքի նշանների:
«Անմիջապես դեպքի վայր է ժամանել հաստատության բուժաշխատողը, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք, սակայն, արդյունք չեն տվել», - ասել են գերատեսչությունից:
Մամուլի ծառայությունից հավելել են, որ փաստի առթիվ կատարվում է նախաքննական ստուգում:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:
2026թ–ի մարտի 13–ին դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։