Մահացել է «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը

Հայտնի դիզայները մահացել է հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. 82 տարեկանում մահացել է իտալական «Diesel» ջինսի ապրանքանիշի համահիմնադիր Ադրիանո Գոլդշմիդը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Գոլդշմիդը մահացել է Կաստելֆրանկո Վենետո քաղաքի հիվանդանոցում՝ ուռուցքային հիվանդության դեմ տևական պայքարից հետո։ Մինչև վերջերս նա բնակվում էր Ազոլո քաղաքում (Տրևիզո նահանգ) և շարունակում էր ակտիվորեն աշխատել։
Գոլդշմիդը համարվում է նորաձևության ոլորտի առանցքային դեմքերից մեկը և ստացել էր «դենիմի կնքահայր» ոչ պաշտոնական տիտղոսը (դենիմը ամուր բամբակյա գործվածք է)՝ ջինսերը բանվորական հագուստից բարձր նորաձևության բաղկացուցչ դարձնելու գործում ունեցած իր ավանդի համար։

«Եթե այսօր ջինսե գործվածքը դադարել է լինել բացառապես բանվորների և հանքափորների համազգեստ և դարձել է միջազգային պոդիումների զարդ ու շքեղության առարկա, ապա դրա համար պարտական ենք կոնկրետ մարդու՝ Ադրիանո Գոլդշմիդին»,- ասված է հոդվածում։

Գոլդշմիդն առանձնահատուկ դեր է խաղացել «Diesel» ապրանքանիշի կայացման և գործարար Ռենցո Ռոսսոյի կարիերայի հարցում։ Վերջինս սկսել էր ջինսեր կարել դեռ պատանեկության տարիներին։ 1976 թվականին Ռոսսոն սկսեց աշխատել Գոլդշմիդին պատկանող «Moltex» ընկերությունում։ 1978 թվականին Ռոսսոն և Գոլդշմիդը որոշեցին հիմնել նոր ընկերություն՝ «Diesel»-ը։ 1985 թվականին Ռոսսոն դարձավ ընկերության միակ սեփականատերը։
Բացի Diesel-ից, նա գործուն մասնակցություն է ունեցել բազմաթիվ բրենդների ստեղծման գործում, որոնց թվում են Replay-ը, Gap-ը և սեփական՝ AG Jeans ապրանքանիշը։