Բրյուսելը Թրամփին զգուշացրել է զերծ մնալ Իրանի էլեկտրակայաններին հարվածելուց. ԶԼՄ

Եվրամիությունն անընդունելի է համարում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Եվրամիության ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ նա զերծ մնա իրանական էլեկտրակայաններին հարվածելուց։ Այս մասին գրում է Politico-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ նման ռմբակոծությունները Եվրամիությունը կհամարի անօրինական, իսկ Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել դիվանագիտական լուծում տալ հակամարտությանը:
«Քաղաքացիական ենթակառուցվածքներին, մասնավորապես էներգետիկ օբյեկտներին ցանկացած հարված հասցնելն անօրինական է և անընդունելի», – հայտարարել են Բրյուսելում:
Կոշտան նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև Իսրայելի, ԱՄԷ-ի ու Պակիստանի ղեկավարների հետ՝ կողմերին կոչ անելով ապաէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության:
Ավելի վաղ Թրամփը Truth Social ցանցում սպառնացել էր ապրիլի 7-ին ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: