ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Համացանցում աղմկահարույց տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Տեսանյութում շնամարտի կազմակերպիչ մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի լքեն տարածքը և չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է և խոստանում են դիմել ոստիկանություն։
«Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Ավելի վաղ «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը հայտնել էր, որ ինքը ևս եղել է շնամարտերի անցկացումը խոչընդոտած կենդանասերների շարքում։ Նրանք նախապես ահազանգ են ստացել և գնացել նշված հասցեով։ Նա նշել էր, որ կազմակերպիչները ձերբակալվել են, իսկ մասնակիցներից 30–ը բերման են ենթարկվել։