ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի․ այսօր Հայ առաքելական եկեղեցու հետևորդները մեկմեկու այս խոսքերով են ողջունում՝ ավետելով Քրիստոսի հրաշափառ հարության մասին։
Սուրբ Հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը հաջորդում է 48-օրյա Մեծ պահքի շրջանին։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Այդ պահից գրեթե երկու հազար տարի այն տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: Այստեղից էլ Սուրբ Հարության տոնի ժողովրդական անվանումը՝ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից։ Քրիստոսի շնորհիվ մարդկությունը զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանք։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»։
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց:
Սուրբ Հարության տոնակատարությունները սկսվում են շաբաթ երեկոյան` Ճրագալույցի պատարագի ընթացքում, որի ժամանակ ազդարարվում է Քրիստոսի հարությունը։ Հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառված մոմեր, որոնք խորհրդանշում են լույսը, հույսը և նոր կյանքը։
Սուրբ Հարության տոնը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, զարթոնքը:
Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի, նաև աշխարհի խորհրդանիշ։
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի. դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը: