Օդաչուին փրկելու ԱՄՆ-ի առաքելությունը ձախողվել է. իրանական հրամանատարություն

Էբրահիմ Զոլֆագարին
Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ խոցվել են 2 Black Hawk ուղղաթիռներ և С-130 օժանդակող ինքնաթիռ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Խոցված ինքնաթիռի օդաչուին փրկելու ԱՄՆ առաքելությունը ձախողվել է։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտարարել է իրանական «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ փրկարարական գործողություններ են իրականացնում ապրիլի 3-ին իրանցիների կողմից խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին գտնելու համար: Նրա խոսքով՝ վիրավորում ստացած օդաչուն արդեն անվտանգության մեջ է։ Թրամփը նշել էր, որ օդաչուին տարհանելու համար իրականացվել է լայնածավալ որոնողափրկարարական գործողություն, որը տևել է մի քանի ժամ:
«Օդաչուին փրկելու թշնամու ջանքերը ձախողվեցին։ Սպահանի հարավում խոցվել են թշնամու օդային օբյեկտները, այդ թվում՝ երկու Black Hawk ուղղաթիռ և С-130 տրանսպորտային ռազմական ինքնաթիռ։ Այժմ դրանք այրվում են», – ասվում է իրանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: