«Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցները գիշերը կլինեն ՀՀ–ում. Լիխաչով

«Բուշեր» ԱԷԿ. Արխիվային լուսանկար
«Ռոսատոմի» ղեկավարը կոչ է արել Իրանի շուրջ հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին, «Բուշեր» ԱԷԿ-ի նկատմամբ թույլ չտալ էսկալացիա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ «Բուշեր» ատոմակայանից տարհանվող ռուսաստանցի աշխատակիցներն արդեն այս գիշեր կլինեն Հայաստանում:
«Տարհանվող մեր հիմնական խումբը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների աջակցության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում։ Հույս ունեմ, որ այս գիշեր նրանք արդեն կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում», – ասել է Լիխաչովը լրագրողներին։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» գործողությունների տարբեր ծրագրեր ունի՝ կախված Իրանի և «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ իրավիճակի զարգացումից, սակայն ռուսաստանցի աշխատակիցների անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է:
Լիխաչովը հակամարտող բոլոր կողմերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շուրջ թույլ չտալ էսկալացիա:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում հակամարտող կողմերին, ողջ համաշխարհային հանրությանը, ինչպես և ՄԱԳԱՏԷ-ին՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ (Ռաֆայել Գրոսսի – խմբ.)՝ աշխատող միջուկային ռեակտորի գոտում («Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկ – խմբ.) թույլ չտալ ոչ մի ագրեսիվ գործողություն», - ասել է «Ռոսատոմի» ղեկավարը:
Լիխաչովն ընդգծել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի ռեակտորը շարունակում է աշխատել, և այն կենսական անհրաժեշտություն է Իրանի համար:
Նախօրեին Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:
Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: