Մի՛ խռովվեք, մի՛ հուսահատվեք, մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք. Արամ Ա–ի պատգամը

Արամ Ա–ն նշել է, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքներին այս օրերին տագնապի մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է հայ քրիստոնյաներին` Տիրոջ հրաշափառ Հարության տոնի հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք վեհափառի ֆեյսբուքյան էջից։ Նա նկատել է, որ Քրիստոսն իր հաղթական հարությամբ վերահաստատել է առաքելության հիմքը կազմող պատգամը։
«Մի՛ խռովվեք, մի՛ հուսահատվեք, մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք։ Արդ, եկե՛ք դառնանք Քրիստոսին, որին իր հրաշափառ հարությամբ մեզ հավատք պարգևեց՝ տագնապը վերանորոգված հույսով, վախը՝ ամուր կամքով և մահը՝ հարության շնչով նվաճելու համար։ Եկե՛ք հարության հավատքով շաղախենք մեր կյանքը և հավատքի զորությամբ դիմագրավենք մեր շուրջը ծառացած տագնապները»,– գրել է Արամ առաջինը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ուղերձ է հղել նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներին` նկատելով, որ այս օրերին նրանք տագնապի մեջ են, քանի որ պատերազմն ավերածություններ է գործում տարածաշրջանում՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական, և թե՛ տնտեսական առումներով:
«Հայ համայնքները, բնականաբար, ենթակա են պատերազմի ահավոր հետևանքներին: Մեր համայնքների անվտանգությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Արդարև, ապրելով քաղաքական, կրոնական, մշակութային, տնտեսական ու սոցիալական տարբեր միջավայրերում՝ անհրաժեշտ ենք համարում, որ մեր հայրենակիցները, տեղական պայմաններին հարմարվելուն զուգահեռ, հավատարիմ մնան հետևյալ սկզբունքներին։ Մասնավորապես` հավատարիմ լինեն իրենց պետության որդեգրած ուղղությանն ու որոշումներին։ Մեր ժողովրդի զավակներն իրենց ապրած երկրներում միշտ եղել են օրինակելի քաղաքացիներ: Ներկա տագնապալից պայմաններում մեր համայնքները պետք է գործնականում ապացուցեն իրենց հավատարմությունը»,– ասել է վեհափառը։
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Հայ առաքելական եկեղեցիներում Ճրագալույցի սուրբ պատարագ է
Արամ Ա–ն կարևորել է եկեղեցիների, համայնքային կազմակերպությունների և կենտրոնների շուրջ համախմբվածությունը։ Նա հավելել է, որ իրենք մշտական կապի մեջ են կրոնական ու համայնքային պատասխանատուների հետ:
«Խորապես մտահոգված ենք տագնապի ստեղծած անկանխատեսելի հետևանքներով: Աղոթում ենք, որ Աստծո օրհնությամբ և քաղաքական ղեկավարների խոհեմ ու հեռատես մոտեցմամբ Մերձավոր Արևելքում շուտով խաղաղություն հաստատվի: Ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդի զավակներին, որ իրենք մենակ չեն այս տագնապալից օրերին,– շարունակել է նա:
Արամ Ա–ն նշել է, որ տագնապները միասին դիմագրավելու և միմյանց օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը հայ ժողովրդի զավակների համար միշտ եղել է անշեղ սկզբունք և ամուր հանձնառություն:
Հիշեցնենք, որ ամսից ավելի է` շարունակվում է ԱՄՆ–ի և Իսրայելի` Իրան դեմ սանձազերծած պատերազմը։ Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։
Գերիշխանությունը խորթ է Քրիստոսի ուղուն. Հռոմի պապը` ԱՄՆ պատերազմի նախարարին