ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. 2026 թ․ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններն այն մասին են, թե կա՞ արդյոք ՀՀ-ում հաստատված նորածին խաղաղությունը խնամելու պատրաստ հանրություն, թե՞ ոչ։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որն այսօր միաձայն ընտրվեց կուսակցության վարչապետի թեկնածու։
Նա չթաքցրեց, որ վերջին տարիների ընթացքում քաղաքական տարբեր հարցերի շուրջ իր հայացքներն ու դիրքորոշումները փոխվել են, ու դա հատկապես վերաբերվում է Ղարաբաղյան շարժմանը։
Ըստ Փաշինյանի՝ 2021 թվականին իրենց նախընտրական ծրագիրը միջին վիճագրական հայաստանյան պատմական մի ծրագիր էր, որն ամբողջովին տոգորված էր Ղարաբաղյան շարժման տրամաբանությամբ, ապաշրջափակման գաղափարներով։
«Հետո տեղի ունեցավ այն, որ ժողովրդի հետ շփումների արդյունքում հասկացանք, որ նրա առաջ մեր ստանձնած մեծագույն առաքելությունը խաղաղության հաստատումն է։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականին պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին, և այդ կուսակցության մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանին (Փաշինյանը նկատի ունի Ամենայն հայոց կաթողիկոսին, որին հակաեկեղեցական շարժման ենթատեքստում դիմում է ավազանի անունով-խմբ․)»,- հայտարարեց նա։
Ըստ վարչապետի՝ պետք է ակտիվորեն հակադարձել բոլոր այն պնդումներին, թե Ղարաբաղը մերն էր, սակայն հիմա այլևս մերը չէ։
«Մենք պետք է հստակ հակադարձենք, որ այդ Հայաստանի Հանարապետությունը մերը չէր և հիմա այլևս մերն է»,- վստահեցրեց Փաշինյանը՝ հիշելով իր առաջին ելույթը 2007 թվականին Ազատության հրապարակում՝ ասելով, թե դա եղել է ներշնչված ու, ըստ էության, Ղարաբաղյան շարժման մասին։
Նրա խոսքով՝ երկրի առաջնորդությունը ստանձնելը հենց այն է, որ քո երկիրը դուրս բերես աշխարհաքաղաքական թակարդներից և ժողվորդին հասցնես խաղաղ հանգրվանի։ Փաշինյանի համոզմամբ՝ դա հասու չէ ամեն քաղաքական ուժի, տանելի չէ, իսկ իրենք, անցելով դժոխքի միջով, կարողացել են դա անել։
Ի դեպ, այսօր կայացած արտահերթ 8–րդ համաժողովի ժամանակ քվեարկվեց և միաձայն ընդունվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը և ծրագիրը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Այսօր` ապրիլի 4–ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։