Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի քվեարկությունը

Սկզբում ԱՄՆ-ն և ծոցի արաբական երկրները նախագծում ներառել են իրանական ռազմածովային ուժերի վրա հարձակվելու հնարավորությունը, այնուհետև թողել են միայն պաշտպանական գործողությունների մասին կետը քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Բահրեյնը հետաձգել է Հորմուզի նեղուցը բացելու մասին բանաձևի նախագծի քվեարկությունը:
Ինչպես հաղորդում է Arabnews-ը, Ռուսաստանն ու Չինաստանը չեն աջակցում այդ նախագծին: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ քվեարկությունը պատրաստվում են անցկացնել հաջորդ շաբաթ, հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ:
Նախագիծը, որի քվեարկությունը նախապես պետք է տեղի ունենար այսօր, առաջարկում է պաշտպանական միջոցների իրավունք տալ քաղաքացիական նավերի անցումն ապահովելու համար: Ի սկզբանե ԱՄՆ-ը և ծոցի երկրները նաև հարձակողական միջոցներ էին առաջարկում իրանական կողմի դեմ, սակայն փաստաթղթի վերջնական խմբագրման ժամանակ այդ կետը հանվել է։
ԱՄՆ–ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կակտիվացնի Իրանին ուղված հարվածները, Թրամփ
Հոդվածում ասվում է, որ Բահրեյնը աջակցության համար դիմել է Անվտանգության խորհրդի բոլոր 15 երկրներին, սակայն Ռուսաստանի և Չինաստանի համար նախագիծը նախկինի պես անընդունելի է։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախագահ Ջասիմ ալ Բուդայվին կոչ էր արել ՄԱԿ-ին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Իրանի կողմից հարձակումները դադարեցնելու համար՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: